Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գերիների կամ թշնամական երկրներում բանտարկվածների մասին

Գերիների կամ թշնամական երկրներում բանտարկվածների մասին
26.10.2024 | 13:37

Բաքվում խոշտանգվող հայ գերիների անորոշ ճակատագիրը շարունակում է մնալ ախտահարված հայ հասարակության ողբերգություններից մեկը։ Այս ողբերգությունն ավելի է թանձրանում, երբ իշխանությունների անտարբերությունն ու անհոգությունը երբեմն-երբեմն հիմքեր են տալիս մտածելու, որ գերեվարվածների ընտրությունն էլ էր հանցավոր համաձայնության արդյունք, և նրանք երբեք չպիտի ազատ արձակվեն, որպեսզի չխոսեն։ Ցավոք, այս նողկալի վարքագիծը խորթ չի եղել հայ իրականությանը։ Ոչ վաղ անցյալում պատմությունը գրանցել է մեկից ավելի դեպքեր, երբ այս ու այն կազմակերպությունները ծածուկ ամեն ինչ արել են, որպեսզի թշնամական երկրի զնդաններում հայտնված հայը հնարավորինս երկար մնա այնտեղ կամ ընդհանրապես դուրս չգա, որպեսզի չխոսի։

Իսկ ինչպե՞ս էր այս հարցին նայում ՀԱՀԳԲ-ն։ Այս բացառիկ կազմակերպության հանդեպ խանդով ու թշնամանքով լցված շրջանակները մեղադրանքներ մոգոնելիս հիմնականում շեշտում են այն հանգամանքը, որ ՀԱՀԳԲ-ի հարվածած թիրախների մեջ շատ են եղել ոչ թուրքական՝ այլ երկրների հաստատություններ, պատճառած զոհերի մեջ շատ են եղել անմեղ մարդիկ, հատկապես՝ ոչ թուրքերը: Այս հանգամանքը իր գրքերում տեղը տեղին շահարկել է նույնիսկ այդ կազմակերպության շարքերում թրծված մեր երանելի Ազգային Հերոսը՝ շատ լավ իմանալով, թե ինչ պատճառներով էին ոչ թուրքական երկրներն ու կառույցները հաճախակի դառնում ՀԱՀԳԲ-ի թիրախ։

Բանն այն է, որ ՀԱՀԳԲ-ն երբեք իր ձերբակալված մարտիկներին միայնակ չէր թողնում իրենց խնդիրների հետ: Նրանց ազատելու կամ գոնե հնարավոր մեղմ պատիժ կորզելու համար Հակոբ Հակոբյանը անընդմեջ պայթյուններ էր հրահանգում այն երկրների շահերի դեմ, որոնց արդարադատության առաջ կանգնած մարտիկներ ուներ (Շվեյցարիա – Ալեք Ենիգոմշյան, Սյուզի Մահսերեջյան /1980/, Մարտիրոս Ժամկոչյան /1981/, Ֆրանսիա – Ազգային Հերոս, «Վան» գործողությունն իրականացրած մարտախումբ /1981/ և այլն): Սրանից զատ, ՀԱՀԳԲ-ն հարվածում էր այն երկրներին, որոնք ակնհայտ թրքամետ կեցվածք ունեին: Օրինակ, Իտալիայում սանձազերծեց տասնյակ պայթյուններ՝ պահանջելով որոշակի դրական կեցվածք Հայ Դատի հանդեպ, ինչպես նաև հայության արտագաղթ կազմակերպող ԱՆՉԱ կազմակերպության գրասենյակների լուծարում, որոնց թիվը Իտալիայի տարածքում շուրջ 15 էր: Այստեղ հարկ է անպայման ուշադրություն դարձնել այն իրողության վրա, թե այս հարվածների արդյունքում ինչպես էին Իտալիայի և Ֆրանսիայի անվտանգության մարմինները միջնորդներ փնտրում՝ ՀԱՀԳԲ-ի հետ բանակցելու համար, լսելու ու քննարկելու համար այն պահանջները, որոնք բավարարելու դեպքում միայն ՀԱՀԳԲ-ն կշրջանցեր այդ երկրների տարածքները: Իսկ եթե Հակոբ Հակոբյանը համաձայնում էր բանակցել, ապա իր ներկայացրած պահանջների առաջին շարքում լինում էին իր մարտիկների այլևայլ խնդիրները։ Օրինակ, Իտալիայի անվտանգության ծառայությունների հետ բանակցելու համաձայնություն տալուց առաջ Հակոբյանը պահանջեց, որպեսզի իտալական կողմը իր երկրի լավագույն կլինիկայում վերականգնի Ալեք Ենիգոմշյանի տեսողությունը։ Իտալացիները հենց մյուս օրը Ալեքին ու նրան խնամողին փոխադրեցին Իտալիա։ Ցավոք երկար ու հիմնավոր հետազոտությունների արդյունքում հայտնեցին, որ դա անհնար է, քանի որ Շվեյցարիայում բանտարգելության ընթացքում բժիշկները չարամտորեն այնպես էին արել, որ Ալեքի աչքերի վերջին կենդանի նյարդերն էլ մահանան։ Այս բացահայտումը շատ թանկ նստեց Շվեյցարիայի վրա, բայց դա այլ թեմա է։

Ի դեպ, իր ձերբակալված մարտիկների ազատ արձակման նպատակով պայթյուններ կազմակերպելուց առաջ ՀԱՀԳԲ-ն, որպես կանոն, հանդես էր գալիս նախազգուշական հայտարարություններով: Ահա այդպիսի հայտարարության մեկ օրինակ. «Ազդարարություն. Կազդարարենք այն կառավարությանը, որ այսօր առավոտուն ձերբակալեց մեր կազմակերպության անդամ երկու ընկերները, իրենց իրականացնելիք գործողութենեն կես ժամ առաջ:

Նշյալ կառավարության կը ճշտենք երեք օրվա պայմանաժամ մը: Եթե այդ միջոցին նշյալ կառավարությունը ազատ արձակելով մեր մարտիկները՝ անոնց փափագած երկիրը չուղարկե, իր հողամասեն ներս ջարդ մը պիտի կազմակերպենք:

Կը խոստանանք նշյալ կառավարության՝ չկատարել զինվորական այդ գործողությունը, մեր մարտիկները ազատ արձակելու պարագային:

Միայն երեք օր պիտի սպասենք: 16 հուլիսի, 1983թ.»: («Հայաստան», թիվ 67-68, 1983, էջ 26):

ՀԱՀԳԲ մարտիկը շատ լավ գիտեր, որ ցանկացած պարագայում իր ղեկավարը, իր կազմակերպությունը իրեն մենակ չի թողնի, ու նաև այդ գիտակցությունն էր թևավորում նրան, մղում անելու անհնարինը։

Բաքվի մեր դժբախտ ու անտեր գերիներին հիշելիս, կուզենայի, որ հայ մարդը հիշեր նաև ՀԱՀԳԲ-ի այս կարևոր բնորոշիչ կողմի մասին։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ